ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հերքման իրավունքով

Հերքման իրավունքով
02.12.2008 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրավունքը de facto» թերթի 2008 թ. նոյեմբերի 28-ի համարում տեղ գտած «Ո՞վ է խառնում ալիքները» հրապարակման հեղինակը մեջբերում է արել ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունից, որը տեղեկատվություն է պարունակում «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Յոհաննես Պետրուս Բոոննի նկատմամբ սույն թվականի հուլիսի 12-ին և հոկտեմբերի 10-ին կատարված հանցավոր արարքների վերաբերյալ: Հրապարակման հեղինակը փորձել է հակասություն գտնել նշված պաշտոնական հաղորդագրության և վճռաբեկ դատարանի կողմից «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերից արված հայտարարության միջև: Ի դեպ, սույն հայտարարությունն արվել է միայն «Երկիր մեդիայի» եթերից և ոչ թե «մյուս եթերներից» ևս, ինչպես գրում է հեղինակը:
Հանդես գալով «Երկիր մեդիա»-ի եթերով և պատասխանելով լրագրողի հարցադրումներին՝ կապված Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործի հետ՝ մենք ներկայացրել ենք սույն թվականի հուլիսի 12-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ՀՀ քաղաքացիներ Յուրի Իգորի Օհանյանի և Սամվել Էդուարդի Հովհաննիսյանի կողմից կատարված հանցավոր արարքները՝ ըստ դատարան ուղարկված մեղադրական եզրակացության, այնուհետև հայտնել, որ սույն թվականի նոյեմբերի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով նշված քրեական գործը, կայացրել է դատավճիռ, որով վերոհիշյալ անձինք դատապարտվել են ազատազրկման՝ համապատասխանաբար 9 և 6 ամիս ժամկետներով: Թե ինչից ելնելով է հրապարակման հեղինակը եզրահանգել, իբր «Երկիր մեդիայի» եթերից արված հայտարարությունը վերաբերում է ոչ թե առաջին, այլ երկրորդ դեպքին, անհասկանալի է, քանի որ մեր կողմից մանրամասն ներկայացվել է մեղադրական եզրակացությունը (նշվել է դեպքի կատարման վայրը և ժամանակը), որը և հեռուստաընկերության լրագրողն օգտագործել է իր ռեպորտաժում, ինչպես նաև համապատասխան դատարանի կողմից սույն քրեական գործով կայացված դատավճիռը:
Ինչ վերաբերում է երկրորդ դեպքով հարուցված քրեական գործին, կարծում ենք՝ լրագրողի համար պետք է պարզ լիներ, որ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը չէր կարող հանդես գալ հայտարարությամբ մի քրեական գործի առնչությամբ, որը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, չի ուղարկվել դատարան կամ այդ գործով չի կայացվել դատավճիռ:
Մեր կողմից հիշատակված դատավճռի տեքստին կարող եք ծանոթանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքէջի «Դատական ակտեր» բաժնում (www.court.am):
Ալինա ԵՆԳՈՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 4662

Մեկնաբանություններ